Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թիվը հայտնի է
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ 2013-ի դեկտեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմը կրճատվել է շուրջ 42 հազար հոգով՝ կազմելով 662.719 մարդ։
Թվաքանակի նվազումը կապված է զորացրման ժամանակահատվածի, ինչպես նաև ծառայության ժամկետների կրճատման հետ։
Թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 344 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։Սպաների ընդհանուր թիվը 39.357 հոգի է, որից 32.963-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.794-ը՝ ժանդարմերիայում, 600-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 95.368 մարդ է, որից 71.611-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.358-ը՝ ժանդարմերիայում, 1.399-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:
Պայմանագրային ժանդարմների թիվը 23.735 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը' 2.323:
Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 50.509 մարդ է, որից 40.524-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9.309-ը՝ ժանդարմերիայում, 676-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այս մասին գրում է allTurkey-ն:
Շարքային կազմի ընդհանուր թիվը 610.525 մարդ է որից 423.299-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 182.805-ը՝ ժանդարմերիայում, 4.421-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.194 է, որից 47.776-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.515-ը՝ ժանդարմերիայում, 903-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։
Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 662.719 մարդ է, որից զինծառայողները 610.525-ն են, իսկ քաղաքացիական անձինք' 52.194-ը:
Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում' 34 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում' 61 տոկոսը։