Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 27 մեքենա
Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի, մառախուղի և որոշ վայ-վարորդների պատճառով գերլարված են աշխատել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09:20-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածից մինչև 86 կմ հատված շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ առաջացել էին խցանումներ, իսկ վթարների պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցը, որոշ վարորդների կողմից ավտոմեքենաները ոչ ձմեռային անվադողերով վարելը:
Բոլոր վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերվել, պարզվել է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ընդհանուր առմամբ այսօր այդ ճանապարհահատվածում բախվել է 27 տրանսպորտային միջոց, 7 վարորդներ, ժողովրդի լեզվով ասած, իրար հետ լեզու են գտել և հրաժարվել են ԱՊՊԱ ծառայությունից, իսկ մնացած դեպքերով զբաղվել են ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: