Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար
Հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճնապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի մերձակա տարածքից, դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները։
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: