«Lexus»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, իսկ այն սպասարկող ընկերությունը աշխատանք չի կատարել՝ ճանապարհը մշակելու ուղղությամբ: