ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին են ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանն ունեն աշխատանքային հարուստ փորձ, վերջիններս իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են քննիչի աշխատանքից, զբաղեցրել են նաև ղեկավար պաշտոններ, ունեն մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ, մշտապես աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով, կատարողական բարձր ցուցանիշներ են արձանագրել և այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը, և հույս է հայտնել, որ արդյունքները տեսանելի ապագայում երկար սպասեցնել չեն տա:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Մելիքյանին՝ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել վերջինիս:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրենց վստահելու համար և հավաստիացրել են, որ գործադրելու են առավելագույն ջանքեր պատշաճ և համակողմանի նախաքննության իրականացումն ապահովելու, հասարակության շրջանում Քննչական կոմիտեի հեղինակությունը բարձրացնելու, հանրության սպասելիքներն արդարացնելու համար:
Խորհրդակցության վերջում Քննչական կոմիտեի նախագահը Արթուր Մելիքյանին պարգևատրել է հուշանվեր ժամացույցով: