Վիճաբանություն՝ Դիլիջանում. 16-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է
Հունվարի 8-ին, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ անգիտակից վիճակում Դիլիջանի քաղաքային զբոսայգուց «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Մինչ համայնքային ոստիկանները փորձում էին պարզել երեխայի ինքնությունը Դիլիջանի հիվանդանոցում պարզել են, որ նա Դիլիջան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 16-ամյա Ալեքս Գ․-ն է։
Երեխայի ինքնության այս տեղեկությունը Դիլիջանի հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին։
Մինչ Դիլիջանի ոստիկանները փորձում էին պարզել նաև որտեղ և ինչ հանգամանքներում է երեխան վնասվածքներ ստացել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Դիլիջանի քաղաքային զբոսայգում Ալեքս Գ․-ին ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է պատճառել է Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Նորիկ Հ․-ն և ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների այդ ամենին մասնակցել է նաև Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հրաչ Ա․-ն։
Տավուշի մարզի քրեական ոստիկանները տեղեկությունը փոխանցել են համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումեր նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ալեքս Գ․-ն արդեն տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: