ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»․ Փաշինյան
ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։ Այս մասին «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկման շրջանակներում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։
«Ըստ էության՝ կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը որն է, հենց Իրական Հայաստանը՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, և այդ գիծը անցնելը արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը ինչ-որ առումով դնել կասկածի տակ․ դա լրիվ ուրիշ տրամաբանություն է, և այս պայմաններում դեռ մեզ ասում են՝ գիտեք ինչ, մենք ձեր ապրելու իրավունքը կասկածի տակ ենք դնում, բայց դուք ոնց որ զենք-զինամթերք եք ձեռք բերում և ուզում եք պաշտպանունակ բանակ ունենալ»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Իրական Հայաստանի մասին խոսակցությունը ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի։
«Սա շատ կարևոր նրբություն է, որը ոչ թե ամբողջն է, այլ այն հիմնաքարը, որի վրա մենք մեր անվտանգության կոնցեպտը պետք է կառուցենք։ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնց նպատակն ինչն է, որ իրենք ագրեսիվ տոնայնությամբ մեզ բան ասեն, մենք էլ իրենց ասենք, իրենք իրենց ագրեսիվ տոնայնությունը մեծացնեն, մեծացնեն, տարածաշրջանում ստեղծեն պայթյուն․ բայց այստեղ կա իրավիճակը կառավարելու հայեցակարգային հիմքը և գործնականը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հայեցակարգային հիմքը Իրական Հայաստանն է, երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով, սահմաններով կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։
«Սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք սրանից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ, ՀՀ տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ հենց այս հիմնավորմամբ, այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել, դա աբսուրդ և ոչ լեգիտիմ խոսույթ է»,- նշել է վարչապետը։