Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկումն ու ծագած խնդիրները
Հունվարի 8-ին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կայացել է աշխատանքային քննարկում՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերի էլեկտրոնային համակարգի գործարկման, ծագած խնդիրների, ինչպես նաև դեղատներում իրականացվող ստուգումների ընթացքի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր դեղատնային ցանց ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում վեր են հանվել համակարգում առկա խնդիրներն ու թերությունները:
«Պետական գերատեսչությունների հետ պայմանավորվեցինք, որ նրանք սեղմ ժամկետներում կներկայացնեն իրենց պատկերացումները` առկա խնդիրների լուծման և համակարգի արդյունավետ գործարկման վերաբերյալ»,- սոցցանցի իր էջում գրել է Թորոսյանը: