Բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով. բանակ են մեկնել Կոտայքի նորակոչիկները
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը:
Ինչպես հայտնել են Նաիրիի համայնքապետարանից, նորակոչիկներին ճանապարհել են Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանը, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, Զորավան վարչական շրջանի ղեկավար Բաղդասար Թովմասյանը, Նաիրի համայնքի ավագանու անդամները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Օրհնության կարգ է կատարել Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արսեն Համբարձումյանն՝ իր աղոթքում խաղաղություն խնդրելով մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորներին:
Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը ներկաներին շնորհավորել է ծառայության մեկնարկի առթիվ, նորակոչիկներին մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում լինել օրինապահ, խոհեմ, պարտաճանաչ, ծառայակցին ընդունել որպես հարազատ եղբոր և ձգտել դառնալու հայրենիքի իրական պաշտպան:
Չխախտելով ավանդույթը Նաիրի համայնքի ղեկավարը նորակոչիկներին նվիրել է խորհրդանշական պահապան խաչ և ժամացույց:
Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման Նաիրիի բաժանմունքի պետ, գնդապետ Արարատ Մանուչարյանը բոլորի անունից հայրենիքի պաշտպանությանը մեկնող նորակոչիկներին մաղթել է տոկունություն, զինվորական բարձր պատրաստականություն և բարի վերադարձ։
Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան են մեկնել բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով։