Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների մի մասը
Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Եվրամիության երկրներին Բաշար Ասադի տապալումից հետո վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը։ Այս մասին հունվարի 7-ին հայտնել են բրիտանական Financial Times (FT) թերթը և ֆրանսիական AFP գործակալությունը՝ վկայակոչելով զրուցակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ, փոխանցում է 1lurer-ը։
Ըստ AFP-ի՝ առաջարկությունն արվել է հունվարի 3-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Դամասկոս այցից հետո։
FT-ի տվյալով՝ առաջարկվում է վերացնել սահմանափակումները բանկային և էներգետիկ ոլորտներում, օդային տրանսպորտում և սովորական սիրիացիների միջազգային դրամական փոխանցումների ժամանակ։ Ըստ AFP-ի, առաջարկների թվում է Սիրիայի կառավարության հետ Եվրամիության ֆինանսական գործարքների ապասառեցումը։
Ըստ FT-ի՝ Բեռլինը կարծում է, որ պատժամիջոցները հանելով՝ Եվրոպան կկարողանա ազդեցություն պահպանել Սիրիայի նոր իշխանությունների վրա և նրանցից պահանջել ազատական բարեփոխումներ իրականացում, օրինակ՝ փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև զենքի չտարածումը։
Գերմանացի դիվանագետները ծրագրում են Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը քննարկել հունվարի 27-ին՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։ «Դա հատկապես արդիական է, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը առաջիկա վեց ամիսների ընթացքում՝ հեշտացնելու մարդասիրական օգնության տրամադրումը»,- նշում է FT-ն։