2025-ին կտոնվեն Գաբրիել Սունդուկյանի, Ավետիք Իսահակյանի և այլ մեծերի հոբելյանները
Հայաստանում և արտերկրում 2025-ին տարբեր միջոցառումներով նշվելու են հայ մեծերի հոբելյաններ։ Նրանցից են Գաբրիել Սունդուկյանը, Ավետիք Իսահակյանը և այլք։
Հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ տոնելու են Սունդուկյանի 200, Իսահակյանի 150, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակները, ձևավորվելու են կառավարական հանձնաժողովներ։
«Բավականին մեծ աշխատանք ենք տարել արտերկրում։ Իսահակյանը տևական ժամանակ ապրել է Լայպցիգում, և մենք նախատեսում ենք հուշատախտակ բացել այն տան պատին, որտեղ նա բնակվել է։ Լայպցիգի քաղաքային իշխանությունների հետ ծրագրում ենք նաև առանձին միջոցառում կազմակերպել Գրքի փառատոնի շրջանակում, որը Լայպցիգում մեծ հեղինակություն ունի»,-ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ 2024-ին նշվել է 18 հոբելյան։ Հատկապես մեծ հանդիսավորությամբ Հայաստանում և արտերկրում նշվել են Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակները (հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թթ. օրացույցում), Երվանդ Քոչարի և Պարույր Սևակի հոբելյանները: