Միացյալ Նահանգները երկարաձգել է Ռուսաստանում հարկեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվությունը
Միացյալ Նահանգները երկարացրել է ամերիկացիների՝ Ռուսաստանում հարկեր, տուրքեր, ներմուծման տուրքեր մուծելու և այլ վճարումներ կատարելու թույլտվության վավերականությունը մինչև 2025 թվականի ապրիլի 9-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ԱՄՆ գանձապետարանի արտոնագրում։
«ԱՄՆ-ի քաղաքացիներին թույլատրվում է վճարել հարկեր, տուրքեր կամ ներմուծման տուրքեր և ձեռք բերել կամ ստանալ թույլտվություններ, արտոնագրեր, գրանցումներ, վկայականներ կամ հարկերի վերադարձ»,- նշված է գանձապետարանի արտոնագրում:
Թույլտվությունը վերաբերում է գործարքներին, որոնք արգելված են ԱՄՆ-ի Նախագահի թիվ 14024 գործադիր հրամանով, որն արգելում է գործարքները Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարության մասնակցությամբ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշումը ներառում է ոչ միայն Միացյալ Նահանգների քաղաքացիներին, այլև ԱՄՆ-ում մշտապես բնակվող օտարերկրացիներին, կազմակերպություններին, կորպորացիաներին և գործընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի իրավասության ներքո ստեղծված և գործող ընկերություններին: