Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը
Հորդանանը և Թուրքիան աջակցում են սիրիացիների վերադարձին իրենց հայրենիք և պարտավորվում են երաշխավորել նրանց բոլոր իրավունքները և բավարարել ամենօրյա կարիքները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին՝ ելույթ ունենալով թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ամմանը և Անկարան աշխատում են սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ, մենք համակարգում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ Հորդանանը և Թուրքիան՝ որպես հարևան երկրներ, ողջունում են Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը և ցանկանում են, որ արաբական հանրապետությունում վերականգնվի կայունությունը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը վերսկսվի սիրիացի եղբայրների և ահաբեկիչների միջև», - նշել է աս-Սաֆադին: