Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հանձնարարել է աջ պոպուլիստական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլին բանակցություններ սկսել կանցլերի պաշտոնում որպես թեկնածու կառավարություն ձևավորելու շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է svoboda.org-ն։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհաջող ավարտվեցին չափավոր կուսակցությունների կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները, որից հետո գործող կանցլեր և աջ կենտրոնամետ Ավստրիական ժողովրդական կուսակցության արդեն նախկին ղեկավար Կարլ Նեհամերը հայտարարեց իր հրաժարականի մասին:
«Ազատություն» կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել 2024 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այն ժամանակ, սակայն, Վան դեր Բելենը Քիքլին կառավարություն ձևավորելու մանդատ չտրամադրեց ՝ պատճառաբանելով, որ խորհրդարան անցած կուսակցություններից ոչ մեկը պատրաստ չէր աջ պոպուլիստների հետ համաձայնության գալ կոալիցիայի շուրջ։ Այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ժողովրդական կուսակցությունը Նեհամերի հրաժարականից հետո պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Քիքլի հետ: Հունվարի 6-ին «Ազատության» կուսակցության առաջնորդի հետ հանդիպումից հետո հեռուստաուղերձում վան դեր Բելենը հայտարարել է, որ Քիքլին հանձնարարել է բանակցել հնարավոր կոալիցիոն գործընկերների հետ: