Ողբերգական ավտովթար՝ Էջմիածնի կամրջի հարևանությամբ. բախվել են Nissan-ն ու «ԶԻԼ»-ը. վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։
Մինչ դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վաղարշապատի բաժնի և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։