Զոքանչից հափշտակել էր խոշոր չափի ոսկյա զարդեր, որը վաճառել ու խաղադրույքներ էր կատարել
Հունվարի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են բնակարանային գողության դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Ն․ Լ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ պայմաններում մտել են Ներքին Չարբախի իրենց տուն և ննջասենյակի պահարանից հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում տուժած քաղաքացին ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի նյութական վնաս։
Մինչ քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի ոստիկանները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ գողությունը կատարել է Երևանի բնակիչ Գևորգ Մ․-ն և նրան հայտնաբերելու համար իրականացվում են «Ամեն փեսա զոքանչի փող չի կարա մարսի» օպերացիա։ Գևորգ Մ․-ին ոստիկանները Ներքին Չարբախում հայտնաբերում և գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը վաճառել է և գումարով խաղադրույքներ է կատարել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գևորգ Մ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես օպերատոր և տուժածի փեսան է։
Վերջինը ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։