Անչելոտին՝ Վինիսիուսի հեռացման և չիրացված 11 մետրանոցի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Լա Լիգայի շրջանակում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը, փոխանցում է Armsport-ը։
«Թիմը կարողացավ հաղթահարել դժվարությունները՝ հեռացումից, վրիպած 11 մետրանոցից և չեղարկված գոլից հետո։ Դժվար է բացատրել, թե որքան վատն էինք առաջին խաղակեսում և որքան լավը՝ երկրորդում։ Սա վաստակած 3 միավոր է, բայց այսպիսի իրավիճակ այլևս չպետք է կրկնվի։ Առանց հավասարակշռության սարսափելի առաջին խաղակես, իսկ հետո գերազանց երկրորդ խաղակես՝ 10 ֆուտբոլիստով»։
Վինիսիուսի հեռացման մասին
«Կարծում ենք, որ մրցավարը պետք է դեղին քարտով զգուշացներ թե՛ Վինիսիուսին, և թե՛ մրցակցի դարպասապահին, սակայն արդյունքում հեռացվեց Վինիսիուսը։ Մենք կբողոքարկենք, սակայն վստահ չեմ՝ կչեղարկեն այն, թե ոչ։ Չեմ կարծում, որ դա կարմիր քարտի արժանի դրվագ էր։ Դիմիտրիևսկին ձեռքերով հպվեց նրան, իսկ Վինին հրեց։ Զգուշացումները բավարար կլինեին։ Վինիսիուսը փորձում էր իր խաղը ցուցադրել, սակայն առաջին խաղակեսում շատ բան չստացվեց։ Հուսով եմ, որ Վինին կխաղա հաջորդ խաղում, քանի որ նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է»։
Վրիպած 11 մետրանոցը
«Դիմիտրիևսկին կանգնած չէր գծի վրա, բայց քանի որ նա չդիպավ գնդակին, 11-մետրանոցը նորից չնշանակվեց։ Վրդովված եմ, որ արդեն երեք 11 մետրանոց ենք վրիպել, և, կարծում եմ՝ ես պետք է որոշեմ, թե ով պետք է դրանք կատարի»:
Գովասանք Բելինգհեմին
«Նա հիանալի խաղ անցկացրեց։ Վրիպած 11 մետրանոցը նրան լրացուցիչ մոտիվացիա տվեց, և վերջին կես ժամը նա բացառիկ խաղ ցուցադրեց։ Նա շատ աշխատեց և աջակցեց Մբապեին հարձակման գծում։ Գոլը նրա աշխատանքի վաստակն էր»: