Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին
Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին:
Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին:
Բերբոքի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքացիական հաշտեցմանը: Դիվանագետը Սիրիայի նոր վարչակազմին կոչ է արել խուսափել բնակչության խմբերի նկատմամբ վրեժխնդրության գործողություններից, ընտրությունների անցկացման ձգձգումից և դատական համակարգի ու կրթության համակարգի «իսլամականացման» փորձերից:
Բարրոն էլ հանդես է եկել Սիրիայում բազմակարծության օգտին, ինչը ենթադրում է երկրի բնակչության բոլոր խմբերի, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների իրավահավասարություն: Նա նաև կոչ է արել քաղաքական լուծում տալ Սիրիայի հյուսիսարևելյան մասը վերահսկող քրդերի հետ կապված հարցերին: