Ժամանակավոր պաշտպանության վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։
«Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Հորդորում ենք նախապես վկայականի փոխանակման դիմում ներկայացնել՝ մոտենալով ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում։
Հիշեցնենք, որ նախորդիվ տրամադրված վկայականների վավերականության ժամկետը 2024 թ․ դեկտեմբերի 31-ն էր։ Ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման դիմում ներկայացնելու համար կարող եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն քաշելու եղանակով։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում, ապա կարող է դիմել իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն։
Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։ Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։
Ըստ ՀՀ Կառավարության 2024 թ. հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)»,- հայտնում են ծառայությունից։