Արջուտի գյուղապետին դանակահարողին դեռ փնտրում են. Լոռու մարզը իրավապահների հսկողության տակ է
Լոռու մարզում խառնաշփոթը շարունակվում է։ Իրավապահներն արդեն 2–րդ օրն է, ինչ փնտրում եմ Արջուտի գյուղապետին դանակահարողին, ով, ըստ նախնական տեղեկությունների, Արջուտ համայնքից է ու 22-ամյա երիտասարդ է։ Այս պահին համայնքում տուն առ տուն խուզարկությունների գործընթացը շարունակվում է։
Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 1-ին դանակահարություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանը:
Դեպքի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Դ. Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։