«222 Lava»-ն կապ չունի. սկանդալից հետո «Full Size» ընկերությունը պարզաբանում է տարածել
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 2-ին, տեղեկություններ էր հրապարակել «ահազանգ քաղաքացուց» խորագրի տակ։
Քաղաքացին հայտնել էր, որ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» խանութից գնված ապրանքները շուրջ մեկ ամիս չառաքելուց հետո հայտնել են, որ այդ ապրանքները չկան,այդ ճակատագրին արժանացած այլ քաղաքացիներ ևս կան։
Հրապարակումից կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել ընկերությունից, որը ներկայացում ենք ստորև.
«Հարգելի հաճախորդներ,
Ամենայն պատասխանատվությամբ դիմում ենք Ձեզ՝ տեղեկացնելու FullSize ընկերությունում վերջին շրջանում ստեղծված ժամանակավոր դժվարությունների մասին: Այս տարիների ընթացքում մենք կառուցել ենք վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ, աշխատել ենք օր ու գիշեր՝ շուկայում առաջարկելով ամենամատչելի գներով ապրանքներ: Եղել ենք մրցունակ՝ արժանանալով ձեր բարձր վստահությանը:
Ցավոք սրտի՝ ներկայումս մեր ընկերությունը հայտնվել է անկանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետևանքով մեր բանկային հաշիվները սառեցված են: Սա անմիջականորեն ազդել է մեր առաքման ժամանակացույցի վրա:
Ցանկանում ենք հավաստիացնել, որ
• Մենք լիովին գիտակցում ենք մեր պարտավորությունները յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ,
• Ակտիվորեն աշխատում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ,
• Պարտավորվում ենք կատարել բոլոր պատվերները իրավիճակի կարգավորումից հետո:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և համբերությունը: Խնդրում ենք Ձեզ ըմբռնումով մոտենալ և մի փոքր ժամանակ հատկացնել մեզ՝ իրավիճակից դուրս գալու համար: Մենք երբեք չէինք ցանկանա, որ այս ժամանակավոր դժվարությունները կստվերեին այն վստահությունը, որը մենք վաստակել ենք երկար տարիների նվիրված աշխատանքով:
Վստահեցնում ենք, որ առաջիկա օրերի ընթացքում մեր ընկերության ներկայացուցիչն անձամբ կապ կհաստատի բոլոր այն հաճախորդների հետ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություններ:
Եվս մեկ անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հարգանքով՝ FullSize ընկերություն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: