Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկրի հասցեին վիրավորական հռետորաբանության համար»
Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»:
Նշվում է, որ դեկտեմբերի 29-ին Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել։ Միջոցառումը հեռարձակվել է Իրանի հեռուստաալիքներից մեկի եթերում:
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ «հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և չի նպաստում միջպետական և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը»: