Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ քաղաքացիներ,
Անցյալում է մնում եւս մեկ տարի: Այն հեշտ տարի չէր մեզ համար, բայց, այնուամենայնիվ, այն լի էր նաեւ դրական ձեռքբերումներով մեր երկրի եւ ժողովրդի ապագայի համար:
2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է ավելի քան 515 օրենք, այդ թվում՝ վավերացրել կարեւոր պատմական փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը. սա անկախությունից ի վեր առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջեւ: 2024 թվականի կարեւոր ձեռքբերումներից էին նաեւ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս եւ էլի շատ կարեւոր քայլերի հիմնական ու կարեւորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը:
Սիրելի՛ բարեկամներ,
Դուք երեւի հիշում եք՝ անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին եւ խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր:
Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար եւ այժմ շատ մոտ ենք երկարատեւ խաղաղության հաստատմանը: Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, եւ ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում՝ կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ եւ ապահով Հայաստանի Հանարապետությունում:
2024 թվականի ավարտին մնացին հաշված րոպեներ, եւ մենք այսօր մեծ հույսով ու հավատով նայում ենք դեպի ապագա, դեպի 2025 թվական: Ակնկալում ենք, որ գալիք տարին լավն ու բարին կբերի մեր ընտանիքներին, մեր հարազատներին, ընկերներին եւ մեր երեխաներին: Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին, թող 2025 թվականի ընթացքում հայ ընտանիքներում նորածին մանկան ճիչն անպակաս լինի, թող 2025 թվականը լինի մեր երեխաներին նվիրված տարի, այն է` մեր ժողովրդի ապագայի տարի:
Եվ, իհարկե, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, ովքեր ապրելու են ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում:
Գալդ բարի նոր՝ 2025 թվական:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Աստված մեզ պահապան»։