Երևանում «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Յուրիկ Բաբայանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանի մոտ եղած բազալտե եզրաքարին, ապա գովազդային սյանը, առաջ ընթացել բախվել հեղուկ գազի լիցքավորման սարքին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սկզբից ահազանգը ստացվել էր, որ վթարը տեղի է ունեցել Մազմանյան փողոցում, սակայն պարեկները պարզել են, որ այն Մելքումով փողոցում է տեղի ունեցել։