Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը
Եվրամիությունը պատրաստ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը՝ հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ եվրոպական ենթակառուցվածքը բավական ճկուն է, և երրորդ երկրներից գազն այլընտրանքային ուղիներով կարող է հոսել Կենտրոնական և Արևելյան Եվրոպա:
Նշվում է, որ ԵՄ-ն տևական ժամանակ է՝ գործակցում է անդամ երկրների հետ՝ նախապատրաստվելու հնարավոր զարգացումներին:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից չի նախատեսում շարունակել ռուսական գազի տարանցումը Եվրոպա։ Միաժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ պատրսատ են գազ տեղափոխել Եվրոպա, եթե այն ռուսական չլինի։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել Կիևին վերանայել այդ որոշումը: Նա այցելել է Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, նաև սպառնացել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա։