Լավրովը Սիրիայում տեղի ունեցած զարգացումների համար մեղադրել է ԱՄՆ-ին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում Սիրիայում տեղի ունեցած զարգացումները բացատրել է նախկին նախագահ Բաշար Ասադի՝ երկրում սոցիալական խնդիրները հաղթահարելու անկարողությամբ և դրանում մեղադրել ԱՄՆ-ին:
«Արդեն հիմա կարելի է ասել, որ իրավիճակի վատթարացման պատճառներից մեկը նախկին ղեկավարության անկարողությունն է՝ բավարարելու բնակչության հիմնական կարիքները ձգձգված քաղաքացիական հակամարտության պայմաններում: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մասնակցությամբ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համոզիչ հաջողություններից հետո սիրիացիների հաշվարկներն առ այն, որ նրանց կյանքը դեպի լավը կփոխվի, չարդարացան: Դրանում մեծ է Վաշինգտոնի մեղքը, որը փաստացի օկուպացրել է ռեսուրսներով առավել հարուստ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանը, ինչպես նաև լուրջ պատժամիջոցներով ճնշում է գործադրում Դամասկոսի վրա՝ իր արբանյակների կոալիցիայի հետ միասին»,- ասել է ռուս դիվանագետը։
Լավրովի խոսքով՝ նման իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել դիմել ոչ ժողովրդական միջոցների, մասնավորապես՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների ու ծառայությունների սուբսիդիաների նվազեցման կամ վերացման, ինչն էլ հասարակության շրջանում դժգոհությունների հիմք է հանդիսացել: