Էլի ՔՊ-ականներ կան, որոնք կմիանան. ե՞րբ տեղի կունենա Աղազարյանի և Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը
Նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը։
«Պարոն Ասլանյանին և ինձ թվում է, որ մենք կարող ենք քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով օգտակար լինել, սա նաև փորձ է մնալ քաղաքականության մեջ։ Ամեն բան կախված է նրանից, թե ընտրողները ինչ գնահատական կտան մեր ծրագրին։ Մենք անպայման մասնակցելու ենք Ազգային Ժողովի ընտրություններին, ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ապա եթե հասցնենք մինչև այդ գրանցվել և անցնել բոլոր պահանջվող ընթացակարգերը, ապա կմասնակցենք նաև Գյումրիի ընտրություններին»,- նշեց Աղազարյանը։
Հարցին, թե այլ հայտնի հանրային քաղաքական դեմքերից ում կտեսնենք կուսակցությունում՝ նա չպատասխանեց, ասաց՝ համաժողովին կտեսնեք, սակայն նշեց, որ նախկին էլի ՔՊ-ականներ կլինեն։
«Անպայման, էլի ՔՊ-ականներ կան, որոնք մեզ կմիանան, դեռ չեմ կարող ասել, թե ովքեր են, առայժմ հարմար չեմ գտնում անուններ հնչեցնել»։
Նա նաև նշեց, որ կուսակցության նախագահին կընտրի համաժողովը։