Մալաթիայի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով և 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը գազի հետ կապ չի ունեցել, քանի որ մի քանի քաղաքացիներ նշում էին, որ նշված տանը գազ չի մատակարարվել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները տարհանել են 61 քաղաքացու, որից 14-ին՝ ավտոսանդուղքով: Տեղում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 71 բժիշկների խումբը օգնություն է ցուցաբերել 6 քաղաքացու, որոնց ինքնազգացողությունը վատացել էր, հավանաբար՝ ծխից: