Ինչպես խուսափել տոնական օրերին տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից. մասնագետի խորհուրդը
Առողջ և ճիշտ սնվելու սովորությունները պետք է պահպանել մշտապես, սակայն տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են սնվելու կուլտուրայի մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով բոլորիս հուզող՝ ինչպե՞ս անցկացնել տոնական օրերն ու խուսափել տարբեր տեսակի վիրուսներից և թունավորումներից հարցին՝ ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մանիկ Մեյմարյանը նկատեց՝ շատ կարևոր է պահպանել հիգիենայի և սնդի անվտանգության կանոնները:
Նա շեշտեց՝ Ամանորի տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար:
Առհասարակ, չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի, տարբեր սննդամթերքների շատ մեծ քանակով օգտագործումն ու իրար խառնելը, ոչ ճիշտ պայմաններում մի քանի օր պահվող սննդամթերքի օգտագործումը, ըստ մասնագետի, միանշանակ, կբերի մարսողական համակարգի խանգարման։
«Այդ օրերին սննդային գործոնով պայամանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար նախ պետք է գնումներ կատարել խանութներից, այլ ոչ թե փողոցային առևտրի կետերից, ինչպես նաև՝ գնումներ կատարելիս պետք է ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին և արտաքին տեսքին:
Աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները: Եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ապա պետք է ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին և պահպանման պայմաններին»,- ասաց նա:
Մասնագետի պնդմամբ՝ խմորեղենը, կրեմով տորթերը, հրուշակեղենը սառնարանում պետք է պահել 3 օրից ոչ ավելի:
Մանիկ Մեյմարյանը հիշեցրեց՝ շատ կարևոր է ձեռքերը լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո, ինչպես նաև պատրաստի մթերքների և հում մսի մշակման ժամանակ պարտադիր է օգտագործել առանձին մասնատման տախտակ և դանակ:
«Մանրազննին լվանալ կանաչիները, միրգը, բանջարեղենը․ հատկապես ներմուծված միրգն ու, բանջարեղենն ապրանքային տեսքը երկար պահապանելու համար, սովորաբար, մշակված են լինում տարբեր քիմիական նյութերով, այդ իսկ պատճառով դրանք բացի մանրեային թունավորումից կարող են պարունակել նաև քիմիական ախտահարման վտանգ: Խորհուրդ եմ տալիս նաև խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու պարագայում այն պետք է եռացնել 15-20 րոպե: Սննունդում չոգտագործել անհայտ ծագման չստուգված սունկեր»,- ասաց բժիշկ Մեյմարյանը:
Տոնական սեղանն, իհարկե Նոր Տարվա խորհրդանիշներից է, բայց չպետք է մոռանանք, որ տոնի հիմնական բաղադրիչը նվերներն ու ուրախ տրամադրությունն են: