2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին անոմալ երևույթներ են եղել․ Սուրենյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է 2024 թվականի կլիմայական անոմալիաները։
Ըստ այդմ՝ 2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին, նրա խոսքով, անոմալ երևույթներ են եղել։
«Ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 3-ից 5 աստիճանով, իսկ տեղումների քանակը կազմել է 200-300 տոկոս: Փետրվարը նույնպես շատ տաք է եղել, կլիմայական նորմայից բարձր է եղել 3-ից 5 աստիճանով, բայց եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 20-ից 50 տոկոսը:
Մարտին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, բայց եղել է տեղումնառատ, ու տեղումների քանակը կազմել է 150-200 տոկոս։ Ունեցել ենք շատ տաք ապրիլ, օդի ջերմաստիճանը բարձր է եղել 3-ից 6 աստիճանով, և ապրիլը եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է նորմայի 20-ից 60 տոկոսը։
Չոր ու տաք ապրիլին ուղեկցել է ցուրտ ու շատ տեղումնառատ մայիսը, տեղումների քանակը կազմել է 150-200 տոկոս, մայիսը աչքի ընկավ տեղատարափ անձրևներով՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր հատվածներում։ Հունիսին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 2-ից 3 աստիճանով, տեղումների քանակը կազմել է 50-ից 100 տոկոս, տեղումների քանակը կազմել է 200-ից 300 տոկոս։
Հուլիսին հանրապետության մի շարք հատվածներում դիտվել են կարկտահարություններ, դեպքեր են եղել, երբ կարկտահատիկի տրամագիծը հասել է 4-ից 5 սմ-ի, հատկապես՝ Լոռիի հատվածում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։
Սուրենյանը նշեց, որ օգոստոսը նորմայի սահմաններում է եղել, տեղումների քանակը եղել է լոկալ․ «Ունեցել ենք հատվածներ, որ թափվել է կլիմայական նորմայի մոտ 300 տոկոսի չափ տեղում, բայց եղել է, որ տեղումների քանակը կազմել է նորմայի 50 տոկոսը։ Սեպտեմբերին ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, բայց տեղումների քանակը կազմել է նորմայի 100-ից 200 տոկոսը։ Ունեցել ենք սառը հոկտեմբեր, տեղումնառատ։ Նոյեմբերին ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, տեղումների քանակը կազմել է 80-ից 120 տոկոս»։
Դեկտեմբերը, ըստ Սուրենյանի, տաք է, ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով, բայց սակավատեղում է, տեղումների քանակը կազմում է նորմայի 30-ից 70 տոկոսը։