Այսօր նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է
Վահրամ Փափազյան (Հունվարի 6, 1888 - Հունիսի 5, 1968), նշանավոր դերասան, գրող։ Փափազյանը համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։
Վահրամ Փափազյանը ծնվել է Կ.Պոլսում 1888 թվականին, միջին խավին պատկանող ընտանիքում։ Հայրը՝ Քամերը, որ այդ ժամանակ եղել է հեռագրատան պաշտոնյա, ունեցել է որդու անկարիք մանկությունը և ուսումն ապահովելու հնարավորություն։ Սովորել է Գատը գյուղի քոլեջում, Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, և ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում։
Վահրամ Փափազյանը ականատեսն է լինում հայ ժողովրդի հալածանքներին թուրքական բռնապետության տակ։ Եվ 1908թ.-ին, երբ Շիշլիի գերեզմանատանը բազմություն է հավաքվում 1896թ.-ի զոհերի հիշատակին՝ Փափազյանն արտասանում է Վարուժանի «Զարդը»:
Փափազյանը սովորում է Վենետիկի հայկական քոլեջում 2 տարի (1905-1907) և այնուհետև հայտնվում է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ (1908-1911), ամռան ամիսներին, նա ուսումնական ծրագրի շրջանակներում շփվում է իտալական թատրոնի հայտնի դերասանների հետ՝ Ցակոնի, Նովելի, հանդես է գալիս նրանց խմբերում։
Նրա ավանդական դերերից մեկն էլ Կորրադոն էր՝ Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» մելոդրամայի հերոսը։ Իբրև դասական դպրոցի ողբերգակ՝ Փափազյանն իր նախորդների նման ունեցել է մելոդրամաներ խաղալու սովորություն։
Բազմաթիվ դերերով Փափազյանը էլի մի քանի տարի շրջագայեց Անդրկովկասում, ապա և Միության մեծաթիվ քաղաքներում՝ ամենուրեք գտնելով իր արվեստը գնահատող հանդիսատես։ Վերջապես, 1954 թ.-ին արվեստագետը գտավ իր հանգրվանը Երևան քաղաքում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Նա փոքրացրեց շրջագայությունների տևողությունը և շառավիղը միայն՝ իր թատերաբեմը Անդրկովկասը դարձնելով։ Իբրև Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Փափազյանը մասնակցեց հայկական արվեստի 1956 թվականի մոսկովյան տասնօրյակին և արժանացավ Սովետական Միության ժողովրդական արտիստի կոչման։ Հետագայում խաղաց նաև Ուրիել Ակոստա, Արբենին։
Փափազյանը զբաղվել է նաև թատերավերլուծությամբ և գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը։
Մահացել է Լենինգրադում, թաղված է Երևանում։ Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը։