Սալոմե Զուրաբիշվիլին լքել է նախագահական պալատը
Վրաստանի արդեն նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին լքել է նախագահական պալատը։
Նա խոսել է նախագահական նստավայրի մոտ հավաքված համախոհների հետ։ Զուրաբիշվիլին նշել է, որ ինքնակամ լքում է պաշտոնը՝ իր հետ տանելով լեգիտիմությունը, դրոշն ու քաղաքացիների վստահությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ այժմ նախագահական նստավայրը «ոչ մեկին չի պատկանում»։
«Այն հիմարությունը, որ կատարվում է խորհրդարանում... Դա իսկական ծաղրանք է, այս պետությունն արժանի չէ նման ծաղրածուների»,- ընդգծել է Զուրաբիշվիլին։
Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել նախագահական նստավայրի մոտ։ Նախօրեին ինքը՝ Զուրաբիշվիլին էր կոչ արել քաղաքացիներին հավաքվել։ Նա խոստացել էր ասել, թե «ինչպիսին են լինելու հաջորդ օրերը և ինչպիսին է լինելու հաղթանակը»։
Նախագահական նստավայրի մոտ հավաքվածները ծափահարել են նրան, սուլել և վանկարկել «Սալոմե» և «Սաքարթվելո»։
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնապես ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի շենքում. Ղավելաշվիլին հանդիսավոր երդում է տվել, որից հետո հնչել է Վրաստանի հիմնը։