Ադրբեջանը պատրաստվում է փոխել ՌԴ քաղաքացիների կացության կանոնները
Մոտ ժամանակներս Ադրբեջանի իշխանությունները փոփոխություններ կկատարեն Ադրբեջանի տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում: Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ-ում:
«Ռուսաստանի կողմից սահմանված նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու ժամկետների նկատմամբ պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։
Ադրբեջանական կողմը ելնելու է ժամանակավոր կացության և միգրացիայի հարցերում հավասարության և փոխադարձության սկզբունքից։ Այդ կապակցությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել այն կանոններում, որոնք սահմանում են հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը», — հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ փոխել ՌԴ-ում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը։