Պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են. ԿԳՄՍ նախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար:
«Ամանորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր ստեղծագործությունների միջոցով: Շնորհակալ եմ առաջինը լինելու ձեր համարձակության համար:
Առաջինը լինելը միշտ բարդ է, և այդ խիզախությունն ու քաջությունը հատուկ գնահատանքի են արժանի: Ստեղծագործ գործունեությունը խրախուսելու և խթանելու լուրջ անհրաժեշտություն ունենք, որովհետև պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են: Մեր քաղաքականությունը պետք է լինի՝ ամեն կերպ խրախուսել ու ստեղծել պայմաններ, միջավայր, որպեսզի ստեղծագործ միտքը դրսևորման հնարավորություն ունենա, արվեստն ունենա լսարան և միջավայր:
Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար: Ջերմուկցիների ջերմ հյուրընկալությունն էլ վկայում է՝ չենք սխալվել վայրի ընտրության հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություններ մաղթել փառատոնի մասնակիցներին:
Գալա-համերգի ելույթներին հաջորդել է մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են լավագույն և հատուկ մրցանակ ստացած մասնակիցները։ Ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակի արժանացել են՝
Աննա Սիրականյանը՝ «Բեմական հմայքի համար».
Գագիկ Մկրտչյանը՝ «Փոքրիկ արտիստ».
Էրիկ Ֆիոֆիլովը՝ «Լավագույն մատուցման համար».
Միքայել Խաչատրյանը՝ «Ռոմանսային երգի համար».
Էլեն Հակոբյանը՝ «Բանաստեղծական խոսքի համար»:
Հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 150.000 դրամ խրախուսական մրցանակ։
«Լավագույն մասնակից» տիտղոսին արժանացել են Սուսաննա Մարգարյանը, Կիմա Գրիգորյանը, Մերի Սարգսյանը, Լավրենտ Գրիգորյանը, Արմենուհի Սոկրատունին, Վրույր Սիմոնյանը, Աննա Ուռուտյանը, Տաթև Մայիլյանը և Աստղիկ Խլղաթյանը։
Լավագույն մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացել է 360.000 դրամ խրախուսական մրցանակի: Փառատոնի շրջանակում դրամական խրախուսում են ստացել նաև «Լավագույն մասնակիցների» մանկավարժները, յուրաքանչյուրը՝ 300.000 դրամ։ Խրախուսական մրցանակներ են ստացել Արման Վարդանյանը, Մարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Անահիտ Բալբաբյանը և Դիանա Գասպարյանը։
Ուսումնական 4 հաստատության էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել 1.500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ որպես «Լավագույն մասնակցի» ուսումնական հաստատություն։ Խրախուսական պարգևատրում ստացած ուսումնական հաստատություններն են Չարենցավան համայնքի Արզականի արվեստի դպրոցը, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցը, Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը և Աղավնաձորի արվեստի դպրոցը։
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից իրականացվող «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում։ Փառատոնի մրցութային մասի համակարգող՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպություն: