ՆԱՏՕ-ն կմեծացնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում
ՆԱՏՕ-ն կմեծացնի Բալթիկ ծովում ռազմական ներկայությունը Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև ստորջրյա Estlink 2 էլեկտրամալուխի վնասման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ խոսել եմ ստորջրյա մալուխների նկատմամբ հնարավոր դիվերսիայի խնդրով Ֆինլանդիայի կողմից շարունակվող հետաքննության մասին: Ես լիակատար համերաշխություն և աջակցություն եմ հայտնել: ՆԱՏՕ-ն կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Բալթիկ ծովում», - գրել է Ռյուտեն X սոցցանցում:
Ստուբի վարչակազմում դեկտեմբերի 27-ին հայտնել են, որ Ֆինլանդիան և Էստոնիան համակարծիք են տարածաշրջանում, հատկապես կրիտիկական ստորջրյա ենթակառուցվածքի մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելի մեծ ներկայության անհրաժեշտության հարցում: Հելսինկին առայժմ չի կարող հայտարարել, որ սուզանավային մալուխի վնասվելը դիվերսիա է եղել։
«Եթե մենք կարողանանք հստակորեն ցույց տալ, որ միջադեպը դիվերսիա է եղել, և դրա հետևում կանգնած է պետական դերակատար, ապա հստակ և անհապաղ կնշենք դա», - Ստուբի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը։
Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ երկրում էներգետիկայի և հեռահաղորդակցության հետ կապված իրավիճակը մնում է կայուն։
Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև Estlink 2 էլեկտրամալուխի խափանումը տեղի է ունեցել այս շաբաթվա սկզբին։ Սա այս տարի Բալթիկ ծովում արդեն երրորդ նման միջադեպն է: Մալուխային օպերատոր ընկերությունում չեն բացառել արտաքին միջամտության հնարավորությունը, սակայն ընդգծել են, որ միջադեպի պատճառները դեռ պետք է պարզել։