Աննա Հակոբյանի անունից արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները ամանորյա նվերներ են ստացել
Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնականներ Վարդուհի Մանուկյանն ու Լիլիա Բադալյանը այցելել են Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և Աննա Հակոբյանի անունից նվերներ են հանձնել բուժում ստացող երեխաներին:
Թեև վարչապետի տիկինը COVID-19-ով վարակված չէ, իսկ ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի համաձայն կոնտակտավորների մեկուսացում այլևս չի պահանջվում, այնուամենայնիվ այս տարի Աննա Հակոբյանը խախտել է ավանդույթը և չի այցելել փոքրիկների Նոր տարին և Սուրբ Ծնունդը շնորհավորելու։
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 56 երեխա, որոնցից 21-ը` ստացիոնար:
Աննա Հակոբյանը շնորհավորել է բոլորին, մաղթել շուտափույթ և լիարժեք ապաքինում: Վարչապետի տիկինը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներին, որոնք անմնացորդ նվիրված են իրենց առաքելությանը և ջանք չեն խնայում երեխաներին բուժելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։