Այց Գավառի մանկատուն, հետո նաև ՀՕՖ՝ Ամանորի տոներին ընդառաջ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ դեկտեմբերի 26-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանն այցելել են Գավառի մանկատուն՝ շնորհավորելու երեխաներին։
Հյուրերը ներկա են գտնվել Ամանորի միջոցառմանը, որտեղ մանկատան սաները հանդես են եկել երգուպարով և ներկայացումով։ Երեխաներն ուրույն ոճով ներկայացրել են Թումանյանի հեքիաթի հերոսներին՝ նոր շունչ հաղորդելով նրանց։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության ծառայողները, վարչության պետ Էդգար Պետրոսյանի հետ, այցելել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։
Երեխաները մեծ հետաքրքրությամբ իրենց հուզող հարցերի շուրջ զրուցել են ծառայողների հետ, կիսվել երազանքներով և ցանկություններով, իսկ ուրախ երգն ու պարը ստեղծել են իսկական տոնական մթնոլորտ։
Հանդիպման ավարտին, ինչպես ընդունված է ավանդաբար, ոստիկանները երեխաներին հանձնել են Ամանորի նվերներ՝ մաղթելով մեծ հաջողություններ ու ժպիտներ։