Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու փաստը դատապարտելու կոչով։
«Կոչ ենք անում Ձեզ և միջազգային հանրությանը դատապարտել Հայաստանի իշխանությունների ոչ կոռեկտ գործողությունները, ինչպես նաև խնդրում ենք օգտագործել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները՝ ազդելու պաշտոնական Երևանի վրա՝ ՌԴ քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների կոպիտ ոտնահարման հետևանքները վերացնելու համար»,- նշված է կառույցի դիմումի մեջ։
Նամակը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
Դեկտեմբերին Հայաստանի իշխանություններն Անդրանիկ Միհրանյանին արգելեցին մուտք գործել երկիր․ «Զվարթնոց» օդանավակայանում Միհրանյանին հայտնել էին, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է: Նա եկել էր՝ այցելելու ծնողների շիրիմներին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այս կապակցությամբ ավելի ուշ հայտարարեց՝ Ռուսաստանի իշխանությունները Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում են որպես պաշտոնական Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ՝ հակասող երկու երկրների դաշնակցային հարաբերություններին։