Պենտագոնը չի մեկնաբանում Զապորոժիեում F-16 կործանիչի խոցման մասին հաղորդումները
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հաղորդումներն այն մասին, որ Զապորոժիեի մարզում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի՝ ամերիկյան արտադրության F-16 կործանիչ-ռմբակոծիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը։
«(ԱՄՆ) պաշտպանության նախարարությունը հայտարարություններ կամ տեղեկատվություն չունի տրամադրելու համար: Մենք ձեզ կուղղորդենք ուկրաինական կողմի մոտ՝ այս առնչությամբ որևիցե մանրամասնության համար», - պատասխանել է աշխատակիցը F-16-ի կործանման մասին հաղորդումները մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին։
Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի ինքնիշխանության, հայրենասիրական նախագծերի և վետերանների աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ռոգովը դեկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Զապորոժիեի մարզում խոցվել է F-16, որը հրթիռային հարված էր նախապատրաստում տարածաշրջանին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան Դանիայից ստացել է F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակը։ Նա չէր հստակեցրել, թե ինչ քանակի ինքնաթիռների մասին է խոսքը։ Նոյեմբերին Դանիայի իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային են փոխանցել վեց F-16 կործանիչներ, և որ նախատեսվում է մատակարարել ևս 13 ինքնաթիռ: