Երևանում 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը։
Տեղում պարզվել է, որ կրակոցները արձակվել են Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի ուղղությամբ և ըստ նշված տան բնակիչ 47-ամյա Անահիտ Մ․-ի՝ իրենց հարևան 33-ամյա Հարութ Ա․-ի հետ նախկինում ունեցել են խնդիրներ ու Հարութ Ա․-ն մոտ 15-20 հատ կրակոց է արձակել իրենց վագոն-տնակի ուղղությամբ՝ վնասելով ապակիներն ու դիմացի հատվածը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հարութ Ա․-ն հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։