ՄԻՊ-ն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ:
Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Պաշտպանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պաշտոնը ստանձնելու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Պաշտպանը հույս է հայտնել մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության շարունակականության կապակցությամբ և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Մանասյանը դեկտեմբերի 26-ին Գյումրիում հանդիպել է նաև մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։
Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Քննարկվել են սոցիալական, բնապահպանական, կրթական, կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքներին վերաբերելի հարցեր:
«Որպես պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը չափազանց կարևոր եմ համարում: Ինձ համար առանցքային է անձամբ Ձեզանից լսել մարդու իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Մանասյանը՝ ողջունելով քննարկման մասնակիցներին:
ՀԿ ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կարիքները և մտահոգությունները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ համագործակցության արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդիրները համատեղ աշխատանքով լուծելու նպատակով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։