ԱՄՆ-ում կրճատվում է դեղատների թիվը
ԱՄՆ-ում դեղատները փակվում են դեղերի փոխհատուցվող ծախսերի մասնաբաժնի անկման, դեղագործների բարձր աշխատավարձերի և հարակից ապրանքների վաճառքի ցածր մրցունակության ֆոնին, Shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը։
Ըստ Համայնքային դեղագործների ազգային ասոցիացիայի՝ ԸVS Pharmacy Inc.-ը՝ CVS Health Corp.-ի ստորաբաժանումը, վերջին երեք տարում փակել է 900 դեղատուն և նախատեսում է փակել ևս 270-ը 2025 թվականին: Walgreens Boots Alliance դեղատների ցանցը վեց տարում փակել է հազար դեղատուն, իսկ առաջիկա երեք տարում նախատեսում է փակել ևս 1300-ը։ Rite Aid Corp. սեպտեմբերին սնանկության հայտ է ներկայացրել՝ փակելով տասնյակ վայրեր, և տեղական անկախ դեղատների թիվը 2024 թվականի հունիսին նվազել է մինչև 18,984-ի՝ մեկ տարի առաջվա 19,432-ի դիմաց:
Այս միտումի մասշտաբները առողջապահական պաշտոնյաներին անհանգստացրել են աղքատ քաղաքային և գյուղական վայրերում «դեղատային անապատների» առաջացման կապակցությամբ:
ԱՄՆ-ում դեղատների վաճառքի մոտ երեք քառորդը դեղատոմսով դեղեր են: Դեղատոմսով դեղերի վաճառքի շահութաբերությունը կախված է հիվանդների, դեղատների, դեղերի մեծածախ վաճառողների և առողջության ապահովագրության միջնորդների հետ կապված գործարքների բարդ համակարգից:
«Ապահովագրական միջնորդները տարիներ շարունակ ճնշում են գործադրել նվազեցնելու այն փոխհատուցումները, որոնք նրանք վճարում են դեղատներին դեղատոմսով դեղեր տրամադրելու համար: Այս ջանքերը նվազեցնում են Walgreens-ի համախառն շահույթը տարեկան ավելի քան 0,5 տոկոսային կետով: Բացի այդ, դեղատներն ունեն համեմատաբար բարձր աշխատուժ: Դեղագործների աշխատավարձը կարող է գերազանցել տարեկան 125,000 դոլարը»,-ասում է Evercore ISI-ի վերլուծաբան Էլիզաբեթ Անդերսոնը ։
Walgreens-ը, որին պատկանում է նաև բրիտանական Boots դեղատների ցանցը, բանակցություններ է վարում մասնավոր բաժնետոմսերի Sycamore Partners ընկերությանը վաճառելու շուրջ, գրում է Financial Times-ը:
Դեղատները նաև պարտվում են մրցակիցներին հարակից վաճառքներում: Բացի դեղամիջոցներից, ամերիկյան դեղատները առաջարկում են ապրանքների լայն տեսականի, բայց սովորաբար ավելի բարձր գներով, քան Amazon-ի և սուպերմարկետների առաջարկները:
Ուոլ Սթրիթը նույնպես լավատես չէ դեղատների օպերատորների հեռանկարների վերաբերյալ, քանի որ CVS-ի բաժնետոմսերը 2024-ին նվազել են 44%-ով, իսկ Walgreens-ը՝ 65%-ով: