Ռուսաստանը հույս ունի վերսկսել համագործակցությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ
Ռուսաստանը հույս ունի վերսկսել Սիրիայի նոր իշխանությունների հետ տնտեսական համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ, որ տնտեսական, ներդրումային համագործակցության հարցերում, որտեղ մենք ունենք անցած տարիների որոշակի ձեռքբերումներ, մենք կկարողանանք վերսկսել աշխատանքը նոր ղեկավարների հետ, երբ վերջնականապես ստեղծվի իշխանության նոր կառույց», - Լավրովն ասել է Ռուսաստանի և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի գլխավորությամբ լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը թողել է Սիրիայի նախագահի պաշտոնը և լքել երկիրը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը: