Պերուի ծովեզերքի մի մասը բնապահպանական աղետի գոտի է հայտարարվել նավթի տարածման պատճառով
Պերուի իշխանությունները բնապահպանական աղետի գոտի են հայտարարել Տալարայի նահանգի ծովեզերքի մեծ մասը՝ նավթի տարածման պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը։
«Նախարարությունը 90 օր ժամկետով բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել է Տալարայի նահանգի մի մասում և հավանություն է տալիս անհապաղ և կարճաժամկետ գործողությունների ծրագրին», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նավթի տարածումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին Տալարա քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ: Իշխանությունների տվյալներով՝ տուժել է մոտ 10 000 քառակուսի մետր ջրային տարածք։ Պերուի դատախազությունը հետաքննություն է սկսել Petroperu նավթային ընկերության նկատմամբ։
Իշխանությունները նավթի տարածման հետևանքով տուժած լողափեր են ուղարկել մասնագետների՝ տուժած կենդանիներին փրկելու համար: Մասնավորապես, այդ գոտում են բնակվում խոցելի համարվող կրիաների տեսակներ: