Մանասյանը Շիրակում քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր. նա հանդիպել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ:
Մարմաշենի «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:
Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը. «Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության, հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ: Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով: