Հութիները հայտարարել են, որ անօդաչուներով գրոհել են Թել Ավիվը և Աշկելոնը
Եմենի հութի խռովարարները դեկտեմբերի 25-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվ քաղաքին, որը հութիներն անվանում են Յաֆա, և Իսրայելի Աշկելոն քաղաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Եմենի զինված ուժերի անօդաչուների ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել, որոնցից առաջինի թիրախը դարձել է թշնամի Իսրայելի կարևոր օբյեկտն օկուպացված Յաֆա քաղաքում: Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով», - հայտարարել է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան:
«Երկրորդ թիրախը դարձել է թշնամի Իսրայելի արդյունաբերական գոտին օկուպացված Աշկելոնում», - հավելել է Սարիան։
Հութիների ներկայացուցչի խոսքով՝ երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել են թիրախներին»:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է։ Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։
Այս ընթացքում Եմենի հութիներն ակտիվացրել են գրոհները տարածաշրջանում: