Մանրամասներ՝ Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարից
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, տեղափոխվել են հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է։