Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԱԳՄ նախագահության անդամներին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ներկայացուցիչներին: Շնորհավորելով ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին և նախագահության անդամներին վերընտրվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել միության հետ նախորդ տարիների ընթացքում ձևավորված կառուցողական երկխոսությունը՝ գործարար համայնքին մտահոգող խնդիրների վերհանման և դրանց արդյունավետ հասցեագրման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բիզնես միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ մասնավոր ընկերությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող ոլորտային խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված համակարգային լուծումների, ինչպես նաև մասնավոր հատվածի գործունեությանն առնչվող ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ձևավորել 2025թ. աշխատանքային օրակարգը՝ պետություն-մասնավոր փոխգործակցության շարունակականությունն ապահովելու և արձանագրված խնդիրների ուղղությամբ մասնակցային եղանակով արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: