ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել Գազայում հրադադարի հասնելու համար
Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել՝ կապված Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի շուրջ համաձայնագրի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հայտարարությունը։
ՀԱՄԱՍ-ը նշել է, որ Դոհայում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ բանակցություններ են անցկացվում Գազայում հրադադարի և գերիների փոխանակման շուրջ։
«Շարժումը դրսևորել է պատասխանատվություն և ճկունություն, սակայն օկուպացիան (խմբ.՝ Իսրայելը) բարձրացրել է նոր հարցեր և առաջ քաշել նոր պահանջներ, որոնք կապված են զորքերի դուրսբերման, հրադադարի, գերիների փոխանակման և տեղահանված անձանց վերադարձի հետ, ինչը հետաձգեց համաձայնագրի ձեռքբերումը, որը հասանելի էր», - ասվում է շարժման հայտարարության մեջ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ։ Եվս 250 մարդ գերեվարվել է, որոնց մի մասը վերադարձվել է 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ժամանակ։ Դեռ շուրջ 100 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։
Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը մոտենում է 45 400-ի։