Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններն ու բացթողումները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ներդրողներ։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ իր մասնակցության նպատակն է անձամբ ծանոթանալ Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններին ու բացթողումներին և քննարկել համայնքի զարգացման ուղղությամբ համատեղ նախատեսվող քայլերը։
«Դիլիջանը պատմականորեն զարգացել է որպես զբոսաշրջային կլաստեր, բայց ակնհայտ է, որ քաղաքը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Սուբվենցիոն ծրագրերով պետությունը ևս ներդրումներ է իրականացնում, որպեսզի Դիլիջանում ստեղծվի գրավիչ զբոսաշրջային միջավայր»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի նպատակն է բարելավել կլաստերներում ներգրավված տարածքների և համայնքների կենսունակությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը՝ համայնքների համար լրացուցիչ եկամուտների և տեղական տնտեսությունների աճի խթանման նպատակով։
Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ ծրագրի լավարկման վերաբերյալ, տրվել պարզաբանումներ բարձրացված հարցերի շուրջ։